Saturday, April 9, 2011

Երեք խոզուկներ` ադապտացված



Լայնարձակ անտառի հարավի ամենածայրին ապրում էին երեք խոզուկ եղբայրներ` Նաֆ-Նաֆը, Նիֆ-Նիֆը ու Նուֆ-Նուֆը: Խոզուկները դեռ երիտասարդ էին, երբ անտառում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան. արջերի միությունը, որը հալալ 70 տարի կառավարել էր անտառը փլուզվեց, սկսվեց քաոս ու անկարգություն: Անտառը բաժանվեց առանձին հատվածների` այդուհետ անկախ անտառների, այնպես, որ անտառի բնակիչները զրկվեցին անտառի մյուս հատվածներում գտնվող բարիքներից, որոնցից սովոր էին օգտվել: Իսկ երեք խոզուկները լինելով տակավին երիտասարդ և աշխույժ, չէին ցանկանում ձեռքերը ծալած նստել: Նաֆ-Նաֆը` ավագ եղբայրը. լինելով առավել շրջահայաց և խոհեմ,  առաջարկեց Նիֆ-Նիֆին ու Նուֆ-Նուֆին մի բան ձեռնարկել, օգտվել անտառում ստեղծված խառը վիճակից: Մեծ անտառի այն հատվածը, որտեղ ապրում էին երեք խոզուկները չափազանց աղքատ էր.ծառերը քիչ էին, փայտը չէր հերիքում, իսկ անտառում ցուրտ ու խավար ժամանակներ էին: Ու երեք խոզուկները որոշեցին իրենց նորաստեղծ անտառ  հարևան անտառներից փայտ ներկրել: Երեք խոզուկների միջոցները համեստ էին և առաջին անգամ նրանք դրսից կարողացան փոքր ծավալի փայտ գնել, բայց քանի որ փայտի պահանջարկը նորաստեղծ անտառում մեծ էր, չափազանց ձեռնտու պայմաններով վաճառելով փայտի առաջին խմբաքանակը, նրանք ներկրեցին երկրորդ ավելի մեծը և այդպես շարունակ սկսեցին մեծացնել սեփական գործը ու զգալի միջոցներ հավաքեցին: Ամեն ինչ կարգին էր, ու երեք խոզուկները որոշեցին իրենց համար առանձին տներ կառուցել:  Նուֆ-Նուֆը և Նիֆ-Նիֆը, լինելով ժլատ, չցանկացան լրացուցիչ գումարներ վատնել նորաստեղծ անտառում սահմանված կարգով տան շինարարության իրավունք ձեռք բերելու վրա ու կառուցեցին ապօրինի կառույց հանդիսացող տներ: Իսկ այ Նաֆ-Նաֆը, նորից դրսևորելով շրջահայացություն, արեց ամեն ինչ, ինչպես օրենքն էր պահանջում:
 Երեք խոզուկների անդորրը չէր խանագրվի, եթե չհայտնվեր գայլը: Գայլի պարտականությունն էր նորաստեղծ անտառի կարգուկանոնի վերահսկումը. ու ամենևին էլ զարամանլի չէր նրա զայրույթը, երբ պարզեց, որ Նուֆ-Նուֆի ու Նիֆ-Նիֆի տները ապօրինի են կառուցված: Գայլը հավաքեց հատուկ նշանակության ջոկատը ու հանկարծակի գրոհով գետնին հավասարացրեց Նուֆ-Նուֆի ու Նիֆ-Նիֆի տները, իսկ վերջիններիս ձերբակալեց ! Նաֆ-Նաֆը շտապեց գայլի մոտ, փակ դռների հետևում երկար խոսակցությունից հետո Նաֆ-Նաֆը ու Գայլը  համաձայնության եկան. Նուֆ-Նուֆի ու Նիֆ-Նիֆի դեմ հարուցված գործը փակվեց,   Գայլը բաժին  ստացավ երեք  խոզուկների բիզնեսում, իսկ շահավետ կապերը ամրապնդելու նպատակով Նիֆ-Նիֆը ամուսնացավ Գայլի աղջկա հետ: Ստանալով Գայլի աջակցությունը երեք խոզուկների բիզնեսը էլ ավելի ծաղկեց, երեք խոզուկները սկսեցին ավելի ու ավելի ժլատանալ. նրանք այլևս խտրականություն չէին դնում միջոցների մեջ, Գայլի աջակցությամբ հեռացնում էին բոլոր մրցակիցներին ու շուտով նրանք ամբողջությամբ սեփական ձեռքերում կենտրոնացրին փայտի բիզնեսը: Խոզուկները հասկացան, որ հեշտությամբ կարող են կեղեքել անտառի բնակչությանը` անընդհատ բարձրացնելով  փայտի գները ու արհամարելով անտառի բյուջե կատարվող պարտադիր վճարները. միակ սկզբունքը, որքան կարելի ա  շատ հարստանալն էր... Փողերը հոսում էին առվի պես, շքեղ տները կառուցվում էին մեկը մյուսի հետևից: Երեք խոզուկները ձեռք բերեցին ամեն ինչ, ինչի մասին կարելի էր երազել... նրանք ունենում էին անտառի ամենագեղեցիկ կաքավներին, հանգստանում էին լավագույն օտար անտառներում, կազմակերպում էին շքեղ խնջույքներ, մշտապես շրջապատված էին վարազների գնդերով: Բոլորը հասկանում էին, որ երեք խոզուկները անիրավ կերպով կեղեքում էին անտառը, բայց ոչ ոք անտառում չէր կարող կասկածել երեք խոզուկների ուժի ու հեղինակության վրա...
Անցան տարիներ,  Նաֆ-Նաֆը, Նիֆ-Նիֆը ու Նուֆ-Նուֆը դարձել են պարարտ ու երկար ժանիքներով խոզեր, մեծացնում են իրենց փոքրիկ խոզուկներին ու գայլիկներին` շարունակելով կեղեքել անտառը: Ու չնայած երեք խոզերի ուժը ու հեղինակությունը առաջվա պես անսասան ա, անտառի բնակչության համբերության բաժակը լցվում ա ու կլինի էն օրը, երբ անտառը գլուխ կբարձրանցնի ու  կգա երեք խոզերին մորթելու ժամանակը. ճակատագիր, որին ուշ թե շուտ պետքա արժանանան բոլոր խոզերը ;)

2 comments:

Unknown said...

IMHO Արջերի միություն արտահայտությամբ շատ գեղեցիկ ձև էր ընտրված՝ նկարագրելու Ռուսաստանի գերակայության տարիները: :)

Anonymous said...

Հանճարեղ է.............